+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
19Ապրիլ

Յուրաքանչյուր արտադրանք պետք է լինի անվտանգ․ գյուղատնտեսությունը բացառություն չէ

Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացը մոտենում է ավարտին։

 «Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը Հայաստանում և Ավստրիայում» աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին մինչ օրս կատարված աշխատանքները, գրանցված արդյունքներն ու նախանշվեցին հետագա քայլերը՝ ծրագրի արդյունավետությունն առավել բարձրացնելու համար։
 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի հիմքում տեսնում է կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի հաջող իրականացումը․ «Այսօր արդեն համակարգում ներմուծված է շուրջ 405 հազար կենդանու տվյալ։ Փաստացի համարակալված կենդանիների թիվը փոքր-ինչ ավելի է։ Միանշանակ պիտի նշեմ՝ արդեն իսկ նկատելի են ծրագրի հաջողությունները, նշմարվում են այն ուղղությունները, որոնք պիտի զարգացնենք։ Բարեփոխումների գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ»։

Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը վստահ է՝ ծրագրի իրագործումը շատ կարևոր է հատկապես հանրային առողջության տեսանկյունից․ «Ծրագիրն արդեն համարում եմ հաջողված․ երբ ճամփորդում ենք Հայաստանում հազվադեպ ենք հանդիպում չհամարակալված խոշոր եղջերավոր կենդանիների։ Սա արդեն մեծ հաջողություն է։ Թվերը նույնքան տպավորիչ են, և մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ավստրիայի համագործակցությունն այս ծրագրի շրջանակներում»։
 
Աշխատաժողովի ընթացքում Ավստրիայում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի փորձը, ռիսկերի վերլուծության և կառավարման մեթոդաբանությունը, ինչպես նաև ԿՀՀ մշտադիտարկման համակարգը ներկայացրեց Կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերը։ «Տպավորված եմ Հայաստանի գրանցած արդյունքներով․ փոքր-ինչ անակնկալի եկա՝ համեմատության մեջ դնելով նախորդ և այս այցիս ընթացքում տեսածը։ Շատ մեծ փոփոխություն է տեղի ունեցել։ Հաշվառումն արդեն 90-95 տոկոսով ավարտված է։ Շատ կարևոր է, որ ֆերմերները գիտակցեն՝ իրենց արտադրած սնունդը պետք է լինի անվտանգ և մաքուր․ այս համակարգը երաշխավորում է գործընթացի թափանցիկությունը»։
 
Կենդանիների հաշվառման և համարակալման համակարգը Ավստրիայում և Հայաստանում
  
 
 
 
«Կենդանիների համարակալման և հաշվառման համակարգը Հայաստանում և Ավստրիայում» աշխատաժողովի ընթացքում «AgrarMarkt Austria» կազմակերպության միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերն իր խոսքն սկսեց մշտադիտարկումից և ներկայացրեց ՏՏ ոլորտի կարևորությունը ծրագրում: Ըստ Մոզերի` սխալների հավաքագրումը պետք է իրականացվի համակարգչի կողմից և ավտոմատացված կերպով: «Սա վստահաբար շատ կարևոր է` ավտոմատացված ցուցիչներով է գնահատվում տվյալնների բազայում մուտքագրված տեղեկատվությունը»:
 Փորձագետը խոսեց ծախսերից, գրանցման կարևորությունից և ռիսկերի գնահատումից: «Կենդանիների համարակալման և հաշվառման վերահսկման համակարգի հետ կապված շատ երկրներում մենք նկատել ենք, որ ֆերմերները թերագնահատել են այս ծրագիրը, սակայն վիրտուալ համակարգը պետք է արտացոլի իրականությունը: Ֆերմերները շատ անելիքներ ունեն այս ոլորտում: Ավստրիայում եթե կենդանին համարակալված չէ այն չի կարող գնալ արոտավայր: Եթե կենդանին չունի ականջապիտակներ, այն չի կարող հասնել սպանդանոց: Ֆերմերը պատշաճ կերպով պիտի ներկայացնի կամ ապացուցի, թե որտեղից է հայտնվել այդ կենդանին»:
 Խոսելով Հայաստանում ներդրված համակարգի և իրականացված մոնիթորինգի մասին, փորձագետը նշեց, որ տեխնիկապես համակարգը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին։ «Մեկ փոքրիկ բաց ենք նկատել, որը սակայն մեծ կարևորություն ունի՝ խոսքը որակի ապահովման համակարգի մասին է։ Երբ 1997 թվականին Ավստրիայում ներդրվեց համակարգը, ի տարբերություն Հայաստանի, կենդանիներն արդեն համարակալված էին, մենք ուղղակի պետք է անցում կատարեինք դեպի կառավարման կենտրացված համակարգ։ Երբ կենդանիները գրանցվում են համակարգում, համընկնող ինֆորմացիան պետք է ջնջվի, հակառակ դեպքում մենք կունենանք շատ խնդիրներ և սխալներ: Սկզբում այս բացը առկա էր նաև Ավստրիայում, սակայն մենք ներդրեցինք համակարգի սխալների հավաքագրման և կառավարման ավտոմատացված համակարգ։ Քանի որ միջոցառումները բավականին շատ են` տարեկան մոտավորապես 2 միլիոն, ձեռքով կառավարելը չափազանց դժվար է։ Այդ պատճառով անհրաժեշտություն առաջացավ ավտոմատացնել համակարգը։ Այս բացը հեշտությամբ կարող է լուծվել»։
«AgrarMarkt Austria» կազմակերպության միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերը շեշտում է՝ ֆերմերներին, գյուղացիներին, հանրությանն անհրաժեշտ է այս համակարգը։ «Չափազանց կարևոր է, որ հասարակությանը մատուցվող տեղեկատվությունը լինի պարզ և հստակ։ Յուրաքանչյուր արտադրանք, որը նախատեսված է հասարակության կողմից սպառմանը, պետք է լինի անվտանգ։ Գյուղատնտեսությունը բացառություն չէ։ Որպեսզի վերահսկվի սննդի անվտանգությունը, որպեսզի կաթնամթերքն ու մսամթերքը համապատասխանի անհրաժեշտ չափորոշիչներին, ուղղակի անհրաժեշտ է ունենալ թափանցիկ համակարգ, որտեղ գրանցվում են կենդանիների, դրանց առողջության, պատվաստումների և այլնի մասին ամբողջական տեղեկատվությունը։ Կարծում եմ ֆերմերները քաջ գիտակցում են և՛ իրենց պատասխանատվությունը, և՛ համակարգի կարևորությունը հանրային սննդի ապահովման գործում»։
 
«Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Ծրագրի իրականացմանն աջակցում է CARD հիմնադրամը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
 
Հոդվածը՝ Anews.am-ի 

Արխիվ
Պիտակներ