Բուսասանիտարիան առողջ միջավայրում առողջ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրությանը նպատակաուղղված միջոցառումների համակարգ է:
Հայաստանի Հանրապետությունում տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի բուսասանիտարիայի ոլորտը, որը կարգավորում է կառավարմանն առնչվող հարաբերությունները և ամրագրում պարտադիր բուսասանիտարական պահանջներն ու բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների աճեցման, պահպանման, փոխադրման կամ շուկայահանման գործընթացում բուսասանիտարական հիմնական սկզբունքներն, ինչպես նաև հողերի մշակությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունները:
Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարիայի ոլորտի քաղաքականությունը մշակում, իրականացնում և դրանց կատարման նկատմամբ հսկողություն է սահմանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Բուսասանիտարիայի ոլորտի կարևորագույն խնդիրն է վերահսկել Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերումը և ոչնչացման կազմակերպումը, ինչպես նաև հանրապետության տարածք բույսերի կարանտին վնասակար օրգանիզմի ներթափանցման և տարածման կանխարգելումը՝ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննման, փորձաքննության համար նմուշառման և բույսերի պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը:
Ոլորտի խնդիրներից է նաև բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը՝ բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման, արտահանման, վերաարտահանման և տարանցիկ փոխադրման ժամանակ, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտադրության և վերամշակման ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրացման կետերում բուսասանիտարական կանոնների և նորմերի պահպանումը և դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը, բույսերի վնասակար օրգանիզմի զանգվածային բազմացումն ու տարածումը ժամանակին կանխատեսելու, ախտորոշելու և կանխարգելելու նպատակով միջոցառումների իրականացումը, գյուղատնտեսական, գեղազարդային մշակաբույսերի, անտառի բուսասանիտարական վիճակի բարելավման, շրջակա միջավայրին, բուսական և կենդանական աշխարհին սպառնացող վնասի բացառման ապահովումը:
Վնասակար օրգանիզմների տարածման և դրանց քանակի ավելացման հետևանքով վտանգի տակ է դրվում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի ստացումը: Ուստի, գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վնասակար օրգանիզմների (մկնանման կրծողներ, մորեխներ) դեմ պետական միջոցների հաշվին պայքարի միջոցառումների կազմակերպումը բխում է ազգային անվտանգության և տնտեսական անկախության շահերից:
Բույսերի պաշտպանության և կարանտինի միջոցառումների իրականացման և հանրապետության տարածքի բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին է վկայում «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշումը:
«Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրի շրջանակներում՝ «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2020 թվականի մարտին Արարատի և Սյունիքի մարզերում մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված մկնանման կրծողներով բարձր և միջին վարակվածությամբ վարելահողերում և բազմամյա տնկարկներում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի ապրիլի 1-ի 441-Ա հրամանի համաձայն, Արարատի և Սյունիքի մարզերին անհատույց տրամադրվել է «Բրոմադիալոն» բույսերի պաշտպանության միջոց՝ 937 հեկտարի համար:
ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 7-ի N 692-Ն որոշմամբ սահմանված N7 հավելվածի համաձայն, «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու է հարավամերիկյան ցեցի դեմ պայքար կազմակերպելու նպատակով ամենամյա մոնիթորինգ, որի համար Հայաստանի Հանրապետության տասը մարզերում նախատեսվում է կազմակերպել ֆերոմոնային թակարդների գնում և թակարդների տեղադրում:
ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի N 69-Ն որոշման՝ «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 3-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով, մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի մարտի 5-ի N339-Ն հրամանը` «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից արտաքին առևտրի ոլորտի ապրանքների միասնական ցանկում ներառված բույսերի պաշտպանության միջոցներ և այլ կայուն օրգանական աղտոտիչներ, նախատեսված լաբորատոր հետազոտություններում, ինչպես նաև որպես էտալոնային ստանդարտ օգտագործման համար ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման ընթացակարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին»:
Աշխատանքներ են իրականացվում նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից բխող լրացուցիչ գործառույթների, մասնավորապես՝ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ուղղությամբ: