+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ

Գիտությունների համակարգ, որն ուսումնասիրում է գյուղատնտեսական կենդանիների և թռչունների օրգանիզմի կառուցվածքը, նրանում ընթացող բնականոն, ախտաբանական պրոցեսները, հիվանդությունների պատճառները, նշանները, ախտորոշման և բուժման մեթոդները։ Միաժամանակ անասնաբուժություն ասելով հասկացվում է կենդանիների և մարդկանց հիվանդությունները կանխող, վերացնող անասնաբուժա-սանիտարական միջոցառումների համալիրը։ Անասնաբուժությունը սերտորեն կապված է անասնաբուծության, բժշկագիտության, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանական մի շարք գիտությունների հետ։ Անասնաբուժությունը միավորում է կենդանիների անատոմիան, ֆիզիոլոգիան, հյուսվածաբանությունը, անասնաբուժական մանրէաբանությունը, դեղագիտությունը, ախտորոշագիտությունը, ծննդագիտությունը (արհեստական սերմնավորման հետ), մակաբուծաբանությունը, կենդանիների համաճարակագիտությունը, ընդհանուր և մասնավոր վիրաբուժությունը, ներքին ոչ վարակիչ հիվանդությունները և դրանց բուժումը, անասնաբուժա-սանիտարական փորձազննությունը, դատական անասնաբուժությունը։

Հայաստանի Հանրապետության տնտեսության կայուն զարգացման գործում մեծ նշանակություն ունի անասնաբուժության ոլորտը։

Անասնաբույժի ամենօրյա աշխատանքում կարևորվում են վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների հետ կապված հարցերը:

Երկարատև զարգացման ժամանակահատվածում մշակվել են վարակիչ հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, պայքարի և յուրահատուկ կանխարգելման կենսաբանական պատրաստուկներ:

Հայաստանի Հանրապետության համար համընդհանուր խնդիր է կենդանիների վարակիչ, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր (զոոանտրոպոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպումը։

Ելնելով տարածաշրջանում և հանրապետության առանձին մարզերում կենդանիների վարակիչ հիվանդությունների բարդ համաճարակային իրավիճակից և ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` հանրապետությունում անասնահամ­ճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և այն պահպանելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացնում է կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում նաև կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված անասնահակահամաճարակային միջոցառումներ հետևյալ հիվանդությունների նկատմամբ` գյուղատնտեսական կենդանիների (այսուհետ` գ/կ) բրուցելոզ, խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ԽԵԿ) տուբերկուլյոզ, գ/կ սիբիրախտ, ԽԵԿ խշխշան պալար, նոդուլյար դերմատիտ, մանր եղջերավոր կենդանների (այսուհետ`ՄԵԿ) սիբիրախտ, ՄԵԿ դաբաղ և մեղուների վարրոատոզ:

Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման միջոցառումները 2012 թվականից իրականացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` կենտրոնի կազմում ընդգրկված շուրջ 545 համայնքը սպասարկող անասնաբույժների և 39 տարածաշրջանային համաճարակաբանների միջոցով:

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անասնահակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների և ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը նպաստում է հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակահամաճարակային վիճակի ստեղծմանը, անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը, ինչպես նաև կայուն միջպետական տնտեսական կապերի հաստատմանը:

Կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նոր դեպքերին արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման կատարելագործման նպատակով ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ մշակվել և ՀՀ կառավարությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում հիվանդությունների համալիր ինտեգրված էլեկտրոնային հսկողության համակարգի ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով առանձնակի կարևորվում է համաճարակաբանական և անասնաբուժական հսկողության, արագ արձագանքման և ախտորոշիչ միջոցառումների իրականացման գործընթացներում շահագրգիռ բոլոր մարմինների սերտ համագործակցությունը:

Անասնաբուժության բնագավառում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N 53 արձանագրային որոշումը:

2014 թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 59-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1315-Ն որոշումը: