Տասը տարին մեկ անգամ խաղողի այգիները երկուսից երեք անգամ ենթարկվում են ուժեղ ցրտահարության, ինչպես եղավ 2003-2004, 2017-2018 թվականների ձմեռներին: Բնության տարերքից խուսափելու համար, գյուղատնտեսների խորհրդով, խաղողի վազերն ագրոտեխնիկական կանոններով նախապատրաստելուց հետո պետք է խնամքով թաղել հողում:Այգեթաղ կատարվում են խաղողի այն սորտերը, որոնց ցրտադիմացկունությունը բարձր չէ օրինակ` սեղանի բոլոր սորտերը, տեխնիկականների մեծ մասը (Ոսկեհատ, Մսխալի, Մուսկատ, Արենի, Կախեթ, Իծապտուկ, Հադիսի և այլն)։
Եթե ձմռանը 20 օր շարունակ լինի -14°C ջերմաստիճան, ձմեռող աչքերի զգալի մասը կցրտահարվեն: Երեքից հինգ օր տևողությամբ -18°C-ից ցածրի դեպքում կցրտահարվեն նաև միամյա մատերը: Մի քանի օրվա ընթացքում -20°C-ից ցածր ջերմության պայմաններում ցրտահարվում են նաև բազմամյա օրգանները, իսկ -26°C-ում` վազերի ամբողջ վերգետնյա օրգանները: