+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
05Մարտ

Կենդանիների համարակալումն ու հաշվառումը՝ որպես առաջնահերթություն. քննարկվել են անելիքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանի, CARD-ի և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը քննարկելու նպատակով։

Նախանշվել են անելիքները՝ այդ թվում համարակալողների վերապատրաստումների կազմակերպման, «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային համակարգի փոփոխությունների,  համայնքներում ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացման վերաբերյալ և մի շարք այլ հարցեր: 

«Համարակալման աշխատանքները պլանավորվում էին իրականացնել դեռ անցյալ տարի, սակայն ռազմական դրության պատճառով գործընթացը հետաձգվեց: Ուրախ ենք, որ նույնիսկ այս պայմաններում կառավարությունը կենդանիների համարակալումը և հաշվառումն առաջնահերթություն համարեց»,-ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբիելյանն ու համոզմունք հայտնեց, որ պատվով կիրականացնեն այդ աշխատանքը:

Աշխատանքները նախատեսվում է սկսել մայիս-հունիս ամիսներին: Համարակալման աշխատանքները կիրականացնեն «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ աշխատող, հատուկ վերապատրաստման դասընթացներն անցած անասնաբույժները: Ֆերմերներն այս գործընթացում որևէ ծախս չեն կատարելու: Պետությունը ազգաբնակչությունից ակնկալում է միայն, որ թույլ տան համարակալել իրենց կենդանիներին:

Ծրագրի նպատակն է պետական պատվերի շրջանակներում հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը լինելով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, սեռահասակային կազմի, ցեղայնության, դրանց նկատմամբ իրականացվող անասնահամաճարակային պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ՝ հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավելու կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։

Արխիվ
Պիտակներ