Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ու բուսասանիտարիայի և ագրոքիմիական հետազոտությունների բաժնի պետ Նորիկ Բարսեղյանը:
Ֆերմերների, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման, բույսերի հիվանդությունների դեմ պայքարի մեխանիզմները, գյուղացիներին ու խոշոր գյուղացիական տնտեսություններին աջակցելու արդյունավետ մեթոդները, նպատակային հողօգտագործման ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակմանն ու ոլորտի առաջնահերթ խնդիրներին վերաբերող այլ հարցեր։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը անդրադարձել է կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքներին, նշված խնդիրների հաղթահարման ուղղությամբ կարևորել ագրոնոմների ու գյուղացիների սերտ համագործակցությունն ու հավելել՝ կազմակերպության յուրաքանչյուր մասնագետի հրահանգված է մշտապես կանգնել գյուղացու կողքին և ամենօրյա նվիրված աշխատանքով նպաստել խնդիրների լուծմանը։
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, իր հերթին խիստ կարևորելով ագրոնոմիական մասնագիտությունները, շեշտել է թե՛ սննդամթերքի, թե՛ պարենային անվտանգության տեսակետից դրանց առանցքային դերը:
Հանդիպման մասնակիցների հետ ծավալված ակտիվ քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ հանձնաժողով ստեղծել, որը վեր հանելով ոլորտի առաջնահերթ խնդիրները՝ հնարավորինս արդյունավետ և օպերատիվ լուծման ուղիներ կառաջարկի։