+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
14Հուլիս

ԴԵՂՁԵՆՈՒ ՑՈՂՈՒՆԱՅԻՆ (ՍԵՎ) ԼՎԻՃ/ Brachycaudus persicae (Passerini)

Դեղձենու ցողունային լվիճը բազմակեր վնասատու է, նախընտրում է զարգանալ դեղձենու վրա, սակայն կարող է վնասել նաև սալորենուն, ծիրանենուն, կեռասենուն, սերկևիլենուն, նշենուն, ցիտրուսային, ինչպես նաև այլ պտղատեսակներին:

Անթև և թևավոր լվիճներն ունեն մուգ գորշ, գրեթե սև, փայլուն, ուռուցիկ, տանձաձև մարմին, 2-3մմ երկարություն, երկար կնճիթ և բեղիկներ: Ձվերը սուր ձվաձև են, ծածկված են մոմանման բարակ շերտով, թրթուրը, նիմֆան կարմրաշագանակագույն են:

 Զարգացման բոլոր փուլերը (ձու, թրթուր, հասուն լվիճ) դեղձենու ցողունային լվիճն անցկացնում է դեղձենու և այլ ծառերի վրա: Ձմեռում է ձվի փուլում` դեղձենու ծառերի բնի և գլխավոր ճյուղերի հիմքից 0.5մ բարձրության վրա: Ձվերը շատ ցրտադիմացկուն են: Սերնդահիմնադիր էգերը ձվերից դուրս են գալիս ապրիլի սկզբին, հավաքվում են, առաջացնում գաղութներ և սկսում սնվել ծառի ճյուղերի, շիվերի հյութով: Սերնդահիմնադիր էգերը, բազմանալով կուսածնությամբ, ծնում են թրթուրներ: Հունիսին հայտնվում են թևավոր կուսածինները, որոնք թռչում են այլ ծառերի վրա և ,կուսածնորեն բազմանալով, տալիս են նոր սերունդներ: Դրանցից ծնվում են անթև կուսածիններ:

Մեկ վեգետացիայի ընթացքում դեղձենու ցողունային լվիճը կարող է տալ 10-15 և ավելի սերունդ: 27°C-ում մեկ սերնդի զարգացումը տևում է 2 շաբաթ, իսկ լվիճի զարգացման համար ջերմաստիճանային ստորին շեմը 7.5°C է: Լվիճների առավելագույն թվաքանակը ծառերի վրա լինում է հուլիս-օգոստոս ամիսներին, երբ ծառերի բունը և ճյուղերը կարող են ամբողջովին պատված լինել լվիճի գաղութներով: Սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին լվիճները զանգվածային ձևով ձվադրում են ու ոչնչանում:

Լվիճների սնման արդյունքում նվազում է ծառի բերքատվությունը, պտուղները վաղաժամ թափվում են, ծառերը թուլանում են և հեշտությամբ ցրտահարվում ձմռան սառնամանիքներից: Երիտասարդ ծառերի վրա լվիճները կարող են վնասել նաև բնի հիմքն ու արմատները:

Երիտասարդ այգիներում լվիճի դեմ պայքարի քիմիական միջոցառումների կիրառման անհրժեշտություն է առաջանում, եթե ծառերի վրա առկա է լվիճի մեկական գաղութ, մինչդեռ, լավ պտղաբերող ու մեծ ծառերով այգիներում քիմիական պայքարի անհրաժեշտություն է առաջանում, եթե ծառերի վրա կան երկուական գաղութներ:

Կանխարգելման նպատակով անհրաժեշտ է հարակից տարածքում ոչնչացնել մոլախոտերը, վերացնել ծառերի բնի շուրջ աճած հոռաշիվերը: Ծառերի բները և կմախքային ճյուղերը մաքրել չոր, կիսապոկ կեղևից, սպիտակեցնել կրակաթի 20%-անոց լուծույթով, իսկ թափուկը ոչնչացնել: Բնի, ճյուղերի վրա առկա լվիճի գաղութները լվանալ ջրի ուժեղ շիթով:

Քիմիական պայքարի նպատակով առաջին սրսկումը կատարել ծառերի բողբոջների ուռչելու փուլում, երկրորդը՝ ծաղկաթափից հետո, իսկ երրորդ և հաջորդ սրսկումները, անհրաժեշտության դեպքում, շարունակել 10-15 օր ընդմիջումներով՝ օգտագործելով  պիրիմիֆոս մեթիլ (500գ/լ՝ 2լ/հա (10լ ջրին՝ 20գ)), դելտամետրին իմիդակլոպրիդ( 700գ/կգ՝ 0.07-0.1կգ/հա (10լ ջրին՝0.7-1գ)):

 

Արխիվ
Պիտակներ