+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
24Հուլիս

ԴԴՄԱԶԳԻՆԵՐԻ ԱԼՐԱՑՈՂ (Sphaerotheca fuliginea)

Հիվանդությամբ վարակվում են վարունգը, դդումը, դդմիկը, սեխը և դդմազգիների ընտանիքին պատկանող այլ մշակաբույսեր: Ձմերուկը հազվադեպ է վարակվում: Դդմազգիների ալրացողով կարող են վարակվել նաև մոլախոտերը, օրինակ՝ եզան լեզուն: Աշխարհում լայնորեն տարածված հիվանդությունը բույսերը վարակում է ինչպես բաց, այնպես էլ ծածկած գրունտում:

Ալրացողով վարակված տերևների ստորին կողմում առաջանում են դեղնավուն փոքր բծեր, այնուհետև դրանք պատվում են սպիտակ փառով: Նախ փառով պատվում են ստվերում գտնվող տերևները, ապա աստիճանաբար փառն ընդարձակվում է, գրավում տերևի ստորին և վերին մակերեսները: Նույն երևույթը նկատվում է նաև բույսերի ցողունների և տերևակոթերի վրա: Տերևները ավելի վարակընկալ են ձևավորումից հետո առաջին 16-23 օրերի ընթացքում, ընդ որում կարող են վարակվել նաև շաքիլային տերևները:

Վարակվելուց հետո տերևները աստիճանաբար գունաթափվում են, դառնում դեղնավուն-խայտաբղետ, ոլորվում դեպի վեր, գորշանում, դառնում փխրուն, չորանում և մահանում:

Տարբեր օրգանների վրա առաջացած փառը սնկի վեգետատիվ մարմինն է: Սպորները տարածվում են քամու, մարդկանց միջոցով, իրենց կենսունակությունը կարող են պահպանել 7-8 օր: Մեկ վեգետացիայի ընթացքում ալրացողի հարուցիչները կարող են ձևավորել բազմաթիվ սերունդներ:

Հիվանդության զարգացմանը նպաստում են խիտ ցանքերը, բույսերի ստվերացումը, 50-90% օդի հարաբերական խոնավությունը, տաք եղանակային պայմանները: Բույսերը վարակվում են 10-32°C ջերաստիճանի պայմաններում, բարենպաստ է համարվում 20-27°C-ը:

Դդմազգիների ալրացողով վարակվածության հետևանքով բույսերի վրա նվազում է ձևավորվող պտուղների քանակը, չափը, կրճատվում է վեգետացիայի և բերքատվության տևողությունը, ընկնում  դրանց պահունակությունը:

Կանխարգելիչ-նախազգուշական միջոցառումներ.

  • Կիրառել առնվազն 3-դաշտյա ցանքաշրջանառություն, ջերմատներում իրականացնել մշակաբույսերի հերթափոխություն,
  • Մշակել հիվանդության նկատմամբ դիմացկուն սորտեր,
  • Սերմերի ցանքը կատարել ժամանակին, նորմալ խտությամբ, խուսափել խիտ ցանքերից,
  • Դաշտում և հարակից տարածքներում պայքարել մոլախոտերի դեմ,
  • Խուսափել ազոտական պարարտանյութերի և բարձր չափաքանակների կիրառումից,
  • Ջերմատներում ապահովել ջերաստիճանային նորմալ ռեժիմ՝ 20-25°C:

 Քիմիական պայքարի միջոցառումներ.

Հիվանդության առաջին նշաններն արձանագրելուց հետո բույսերը սրսկել սնկասպան պատրաստուկներից որևէ մեկով: Անհրաժեշտության դեպքում սրսկումները կրկնել 7-10 օր ընդմիջումներով.

Արխիվ
Պիտակներ