+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
30Օգոստոս

Բանջարային բույսերի տերևների ականող ճանճ/ Liriomyza sativae Blanchard

    Վնասատուն հասուն վիճակում փոքր ճանճ է, թևերի բացվածքը` 1.3-1.7մմ, գլուխը վառ դեղին է, մարմինն ունի դեղին և սև գունավորում: Բազմակեր վնասատու է, վնասում է լոլիկը, սեխը, վարունգը, դդմիկը, լոբին, սմբուկը, տաքդեղը: Այս տեսակն ունի վերարտադրողականության բարձր ներուժ: Մեկ սերնդի զարգացումը կարող է ավարտվել մոտ երկու շաբաթվա ընթացքում, եթե օդի ջերմաստիճանը 30°C է: Դա նշանակկում է, որ ջերմատնային պայմաններում ականող ճանճը մեկ վեգետացիայի ընթացքում կարող է տալ բազմաթիվ սերունդներ:

Էգերը ձվադրում են բույսերի հյուսվածքների մեջ` տերևների էպիդերմիսի տակ և սնվում ձվադրության ընթացքում բույսերից դուրս եկող էքսուդատով (հյուսվածքը վնասելու արդյունքում դուրս եկող հեղուկ): Ձվերն ունեն 0.2-0.3մմ երկարություն և 0.1-0.15մմ լայնություն, սպիտակ են, էլիպսաձև, աննշան փայլով: Ձվադրումից մի քանի օր անց դուրս են գալիս թրթուրները, որոնք սկզբնական շրջանում գրեթե անգույն են, աստիճանաբար դառնում են կանաչավուն, ապա` դեղնանարնջագույն: Ոտքեր չունեն և նման են որդերի: Դուրս գալով՝ սկսում են տերևների վրա առաջացնել անկանոն, օղակաձև ականներ, որոնց լայնությունը, թրթուրի աճմանը զուգընթաց, 0.25մմ-ից հասնում է մինչև 1.5մմ-ի: Ականների մեջ կարելի է տեսնել ինչպես թրթուրներին, այնպես էլ դրանց արտաթորանքը: Թրթուրի սննդառության հետևանքով տերևները չորանում և թափվում են, որի արդյունքում բերքը նվազում է: Էգերը երբեմն սնվելու համար, առանց ձվադրելու, ձվադիրով ծակում են բուսական հյուսվածքը: Վերջին հասակի թրթուրը դուրս է գալիս ականի միջից` տերևի վրա (հիմնականում վերին կողմից) բացած ճեղքից և հարսնյակավորվում հողում: Հարսնյակներն ունեն 1.3-2.3մմ երկարության, 0.5-0.75մմ լայնության, դեղնանարնջագույն կամ կարմրաշագանակագույն են, օվալաձև` փորիկի կողմից թեթևակի սեղմված:

Վնասատուի վաղ հայտնաբերման և մոնիթորինգի նպատակով արդյունավետ է հասունների համար կպչուն դեղին ժապավենների կիրառումը, հարսնյակավորման նպատակով տերևներից ցած ընկնող թրթուրներին որսալու նպատակով բույսերի տակ սկուտեղների (ամանների) տեղադրումը:

Կանխարգելման նպատակով կարևոր է դաշտը և հարակից շրջանները պահել մոլախոտերից զերծ վիճակում, ոչնչացնել բուսական բոլոր մնացորդները, պահպանել սանիտարական պատշաճ պայմաններ: Ջերմատներում կարելի է օգտագործել նաև մեծ քանակության սոսնձապատ, դեղին գույնի կպչուն ժապավեններ, թակարդներ:

 

Քիմիական պայքար.

 այս վնասատուի դեմ բավականին դժվար է քիմիական միջոցներ կիրառելով ապահովել բարձր արդյունավետություն, քանի որ վնասատուն զարգանում է բույսերի հյուսվածքներում և մեկ վեգետացիայի ընթացքում կարող է տալ մի քանի սերունդ: Վեգետացիայի ժամանակ անհրաժեշտ է բույսերը սրսկել պիրիմիֆոս-մեթիլով՝ 500գ/լ` 3լ/հա (10լ ջրին 30գ), քլորպիրիֆոս+բիֆենտրին՝ 400+20գ/լ` 0.4-0.5 լ/հա (10լ ջրին 8-10գ), պիրիմիֆոս-մեթիլ՝ 500գ/լ` 3-5լ/հա (10լ ջրին 30-50գ), մալաթիոն՝ 570գ/լ` 2.4լ/հա (10լ ջրին 50գ)՝ ըստ ազդող նյութի փոխարինելով մեկը մյուսով:

Արխիվ
Պիտակներ