+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
23Ապրիլ

Անասնաբույժի օրվա առթիվ մի խումբ անասնաբույժներ պարգևատրվեցին շնորհակալագրերով

Անասնաբույժի միջազգային օրվա առիթով Հայաստանում մի խումբ անասնաբույժներ ստացան շնորհակալագրեր՝ լավագույն համայնքային անասնաբույժ, լավագույն տեսուչ-անասնաբույժ, լավագույն անասնաբույժ ուսանող, լավագույն երիտասարդ անասնաբույժ, լավագույն կին անասնաբույժ և լավագույն անասնաբույժ գիտնական: Պարգևատրվողներին ընտրել էր ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը և մի խումբ այլ մասնագետներ:

Շնորհակալագրերը հանձնվեցին Անասնաբույժի միջազգային օրվա առիթով «Բնության ազգային թանգարանում» անցկացված միջոցառմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ անասնաբույժների բարձր պատասխանատվության զգացման արդյունքում է, որ նաև պատերազմի օրերին չեն գրանցվել համաճարակներ, կենդանիների շրջանում ժամանակին իրականացվել են բուժկանխարգելիչ միջոցառումներ: Նա կարևորեց նաև անասնաբույժների կրթությունը՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանին: «Մենք անձամբ ներգրավված ենք այն բարեփոխումների մեջ, որոնք իրականացվում են համալսարանում: Գիտենք, թե իրենք ինչքան են կարևորում այս մասնագիտությունը և ինչքան են մտածում փոխելու այն կրթական ձևը, որ նախկինում եղել է: Աշխարհում շատ բան է փոխվում, շատ արագ նաև փոխվում է գիտությունը»,-ասաց Գաբրիելյանը:

Նա նշեց, որ ցանկանում է անասնաբույժին տեսնել ոչ այն կերպարով, որով հիմա կա, այլ այն կերպարով, որ տեսնում ենք շատ տարբեր երկրներում: «Եվ կարծում եմ, որ մենք բոլորս իրար հետ կանենք ամենը, որ շատ արագ հասնենք այդ արդյունքին»,-ասաց նախարարի տեղակալը:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն էլ վստահեցնում է. «Անասնաբույժները, որոնք համագործակցում են մեր ՊՈԱԿ-ի հետ, հասցնում են ոչ միայն բավարար, այլ նաև գերազանց ձևով իրականացնել անհրաժեշտ միջոցառումները»:

Հովհաննիսյանը նկատում է, որ ողջ աշխարհում այս մասնագիտությունը կարևոր դեր ու նշանակություն ունի՝ կենդանիների շրջանում հիվանդությունները կանխարգելելու և բուժելու առումով: «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հիմնականում իրականացնում է ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումներ: «Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել մեր անասնաբույժներին, որոնք հենց հիմա կատարում են իրենց աշխատանքը»,-ասում է նա:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը միջոցառմանն իր ելույթում կարևորեց երիտասարդ սերնդի մեջ անասնաբույժի մասնագիտության նկատմամբ սեր ներարկելը: «Անասնաբուժությունը կենդանիներին բուժելը չէ, այն հանրության և մարդկանց առողջության մասին հոգ տանելն է»,-ասաց Ավետիսյանը:

Անցնող երեք տարիներին աստիճանաբար բարձրացվել է պետական միջոցառումների շրջակում անասնաբույժներին տրվող վարձավճարի չափը՝ 1 կենդանուն պատվաստման համար 100 դրամից հասցնելով մոտ 170-ի:

 

Արխիվ
Պիտակներ