«Բուսասանիտարիայի ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից 2021 թվականի ընթացքում իրականացվել են ՀՀ տարածքում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման, հաշվառման և տարածման կանխարգելման մոնիթորինգ, գյուղատնտեսական հողատեսքերի բուսասանիտարական վիճակի գնահատում, բույսերի ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ուսումնասիրություն։
ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվող համալիր միջոցառումների նպատակն է նպաստել գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների և գյուղատնտեսական ոլորտում համախառն ներքին արդյունքի ավելացմանը, գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր, անկորուստ ու որակով բերքի ապահովմանն ու գյուղաբնակների եկամուտների ավելացմանը՝ հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական վիճակի գնահատման, բույսերի առավել վնասակար օրգանիզմների (մկնանման կրծողներ, մորեխներ), ինչպես նաև բազմամյա տնկարկների, բանջարբոստանային, հացահատիկային մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտմնաբերման, հաշվառման, տարածման արեալների ճշտման, պայքարի ճիշտ ժամկետների ահազանգման և տարածման կանխարգելման նպատակով իրականացվող հետազոտությունների ու դիտարկումների միջոցով։
Ի դեպ, յուրաքանչյուր տարի կենտրոնի կողմից իրականացվում է բուսասանիտարական մոնիթորինգ՝ շուրջ 315 000 հա տարածքի վրա, որից մկնանման կրծողների դեմ՝ 135 000 հա, մորեխների՝ 80 000 հա, պտղատու ծառատեսակների՝ 30 000 հա, բանջար-բոստանային կուլտուրաների՝ 20 000 հա, խաղողի վնասատուների և հիվանդությունների՝ 25 000 հա, հացահատիկային մշակաբույսերի՝ 25 000 հա։
Վերոնշյալ միջոցառումների արդյունքում նվազել են վնասակար օրգանիզմների պատճառած վնասներն ու սննդամթերքում թունաքիմիկատների մնացորդները, կրճատվել են գյուղացիական տնտեսությունների կողմից անհարկի սրսկման դեպքերը։ Բոլոր տասը մարզերում արդյունավետ պայքար է տարվել մորմազգի մշակաբույսերի վնասատուների դեմ՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք բերված ֆերոմոնային թակարդներ տեղադրելու շնորհիվ։
Ավելացնենք՝ վնասատուների դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար ակտիվ համագործակցություն է իրականացվում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ։