+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
11Հուլիս

ՎԱՐՈւՆԳԻ ԱԼՐԱՑՈՂ (Sphaerotheca fuliginea)

  Վարակվում են վարունգը, դդումը, դդմիկը, սեխը և դդմազգիների ընտանիքին պատկանող այլ մշակաբույսեր: Ձմերուկը հազվադեպ է վարակվում: Դդմազգիների ալրացողով կարող են վարակվել նաև մոլախոտերը, օրինակ՝ եզան լեզուն: Աշխարհում լայնորեն տարածված հիվանդություն է, որը բույսերը վարակում է ինչպես բաց, այնպես էլ ծածկած գրունտում:

  Ալրացողով վարակված տերևների ստորին կողմում առաջանում են դեղնավուն փոքր բծեր, այնուհետև դրանք պատվում են սպիտակ փառով: Նախ փառով պատվում են ստվերում գտնվող տերևները: Աստիճանաբար փառն ընդարձակվում է, գրավում տերևի ստորին և վերին մակերեսները: Նույն երևույթը նկատվում է նաև բույսերի ցողունների և տերևակոթերի վրա: Ձևավորումից հետո առաջին 16-23 օրերի ընթացքում տերևները ավելի վարակընկալ են: Կարող են վարակվել նաև շաքիլային տերևները: Վարակված տերևները աստիճանաբար գունաթափվում են, դառնում դեղնավուն-խայտաբղետ, ոլորվում դեպի վեր, գորշանում, դառնում փխրուն, չորանում և մահանում:

Տարբեր օրգանների վրա առաջացած փառը սնկի վեգետատիվ մարմինն է: Սպորները տարածվում են քամու, մարդկանց միջոցով: Սպորներն իրենց կենսունակությունը կարող են պահպանել 7-8 օր: Մեկ վեգետացիայի ընթացքում ալրացողի հարուցիչները կարող են ձևավորել բազմաթիվ սերունդներ:

Հիվանդության զարգացմանը նպաստում են խիտ ցանքերը, բույսերի ստվերացումը, 50-90% օդի հարաբերական խոնավությունը, տաք եղանակային պայմանները: Բույսերը վարակվում են 10-32°C ջերաստիճանի պայմաններում, բարենպաստ է համարվում 20-27°C-ը:

Դդմազգիների ալրացողով վարակվածության հետևանքով բույսերի վրա նվազում է ինչպես ձևավորվող պտուղների քանակը, այնպես էլ դրանց չափերը, կրճատվում է վեգետացիայի և բերքատվության տևողությունը, ընկնում է դրանց պահունակությունը:

Կանխարգելիչ-նախազգուշական միջոցառումների ժամանակ պետք է՝

  • Կիրառել առնվազն 3-դաշտյա ցանքաշրջանառություն: Ջերմատներում իրականացնել մշակաբույսերի հերթափոխություն:
  • Մշակել հիվանդության նկատմամբ դիմացկուն սորտեր:
  • Սերմերի ցանքը կատարել ժամանակին, նորմալ խտությամբ, խուսափել խիտ ցանքերից:
  • Դաշտում և հարակից տարածքներում պայքարել մոլախոտերի դեմ:
  • Խուսափել ազոտական պարարտանյութերի և բարձր չափաքանակների կիրառումից:
  • Ջերմատներում ապահովել ջերաստիճանային նորմալ ռեժիմ՝ 20-25°C:

 Քիմիական պայքարի միջոցառումներ՝

 Հիվանդության առաջին նշաններն արձանագրելուց հետո բույսերը սրսկել ստորև առաջարկվող սնկասպան պատրաստուկներից որևէ մեկով՝

1.պենկոնազոլ-0.25 լ / հա

2.կռեզօքսիմ-մեթիլ-0.2-0.3 կգ / հա

 Անհրաժեշտության դեպքում սրսկումները կրկնել 7-10 օր ընդմիջումներով։

 

Արխիվ
Պիտակներ