+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
30Հունիս

Լոլիկի ալրացող

Հիվանդության ժամանակ վարակվում են լոլիկը և մորմազգիների ընտանիքի այլ բուսատեսակներ, նաև մորմազգի մոլախոտերը: Հիվանդությունը ի հայտ է գալիս ծածկած և բաց գրունտում, սակայն մեծ վնաս է պատճառում ջերմատան պայմաններում: Վարակված տերևների վրա առաջանում են 3-12մմ տրամագծով անկանոն, դեղնաշականակագույն բծեր, որոնք երբեմն շրջապատված են լինում դեղին երիզով: Վարակված տերևների վերին և ստորին մակերեսին առաջանում է սպիտակ փառ: Ուժեղ վարակի դեպքում սնկի սպորատվության փառը ծածկում է տերևի ողջ մակերեսը, ինչպես նաև տերևակոթերն ու պտղակոթերը, սակայն պտուղները չեն վարակվում: Այս հիվանդությունը առավել վտանգավոր է ծածկած գրունտում որտեղ առաջանում է վաղաժամ տերևաթափ և բերքատվության նվազում: Բաց գրունտում հիվանդությունը ուժեղ է զարգանում վեգետացիայի երկրորդ կեսից սկսած: Հիվանդության զարգացման օպտիմալ պայմաններն են անբավարար լուսավորությունը, ջերմաստիճանի կտրուկ տատնումները` 20-27° C ջերմաստիճանը օդի հարաբերական խոնավության հետ համատեղ (85-95%):

 Պայքարի միջոցառումները բաց դաշտում և ջերմատանը՝

. Դաշտում կիրառել ցանքաշրջանառություն, իսկ ջերմատանը պտղափոխություն,

. Բերքահավաքից հետո հավաքել դաշտից դուրս բերել և ոչնչացնել բուսական բոլոր մնացորդները,

. Սածիլումից առաջ ջերմատներն ու հողը վարակազերծել,

. Բույսերը սնուցել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով և խուսափել ազոտական պարարտանյութերի միակողմանի ու բարձր չափաքանակներով օգտագործումը,

. Ջերմատներում բարելավել օդափոխությունը և լուսավորությունը,

. Սնկասպան պատրաստուկներն առավել արդյունավետ են, երբ կիրառվում են կանխարգելիչ նպատակով,

. Ալրացողի դեմ քիմիկան պայքարը պատրաստուկներով անհրաժեշտ է սկսել, երբ դաշտում կամ ջերմատանն արձանագրվում են հիվանդության առաջին նշանները։

Սրսկումները կատարել հետևյալ պատրաստուկներից որև մեկով՝ ծծումբ 2,0-3,0 կգ/հա, 40-50գ/10լ ջրին` վեգետացիայի ընթացքում, ազօքսիստրոբին 4-0,6լ/հա, 8,0-10գ/ 10լ ջրին` վեգետացիայի ընթացքում ծաղկումից առաջ ծաղկումից հետո 14-16 օր ընդմիջումներով, կռեզօքսիմ-մեթիլ 0,2-0,03կգ/հա `վեգետացիայի ընթացքում ( զով ժամերին) 400-600լ/հա բաց գրունտում, 600-1000լ/հա ծածկած գրունտում:

Արխիվ
Պիտակներ