+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
30Դեկտեմբեր

2021 թ. ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

 

  1. Անասնաբուժական ծառայությունների մատուցում՝ 98,3 %
  2. Բուսասանիտարիայի ծառայությունների մատուցում ՝ 100%
  3. Ագրոքիմիական ծառայությունների մատուցում` 100%:

 

Բուսասանիտարիա

ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2021 թվականի ընթացքում իրականացվել է   բուսասանիտարական մոնիթորինգ շուրջ  315 000 հա տարածքի վրա, որից մկնանման կրծողների դեմ՝  135 000 հա, մորեխների՝ 80 000 հա, պտղատու ծառատեսակների՝ 30 000 հա, բանջար-բոստանային կուլտուրաների՝ 20 000 հա, խաղողի վնասատուների և հիվանդությունների՝  25 000 հա, հացահատիկային մշակաբույսերի՝ 25 000 հա։

ՊՈԱԿ-ի ագրոնոմների կողմից մշակված համալիր միջոցառումների շնորհիվ նվազեցվել են վնասակար օրգանիզմների պատճառած վնասները, կրճատվել են  գյուղացիական տնտեսությունների կողմից անհարկի սրսկումներն ու սննդամթերքում թունաքիմիկատների մնացորդները, գրանցվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում։ Բոլոր տասը մարզերում արդյունավետ պայքար է տարվել մորմազգի մշակաբույսերի վնասատուների դեմ՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից ձեռք բերված ֆերոմոնային թակարդներ տեղադրելու շնորհիվ։

Վնասատուներիի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար ակտիվ համագործակցություն է իրականացվում  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հետ։

Տարեկան կատարողականը` 100%:

Ագրոքիմիա

 «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ» ծրագրի շրջանակներում հետազոտվել է հանրապետության 170 համայնքի գյուղատնտեսական մշակության շուրջ 76375 հա տարածք, վերցվել է 25459 հողանմուշ և պետական պատվերի շրջանակներում կատարվել է 64411 փորձաքնություն:

Կազմակերության մասնագետների կողմից կատարվել է վերլուծություն, արդյունքում կազմվել և համայնքներին են հանձնվել ագրոքիմիական քարտեզներ,  առաջարկություններ և պարարտացման տեղեկագրեր՝ ըստ մշակաբույսերի։

Տարեկան կատարողականը` 100%:

 

Անասնաբուժություն

«Անասնաբուժական ծառայություններ» ծրագրի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստման»  շրջանակներում ՊՈԱԿ-ի կողմից 2021 թվականի ընթացքում իրականացվել է գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզի, լեյկոզի, տուբերկուլինիզացիայի աշտորոշիչ և դաբաղ, խշխշան պալար, սիբիրախտ և հանգուցավոր մաշկաբորբ հիվանդությունների դեմ կանխարգելիչ միջոցառումներ։   Արդյունքում ՀՀ-ում ունենք կայուն անասնահամաճարակային վիճակ, անվտանգ կենդանական ծագման մթերք, ապահովվածություն կենդանիներին և մարդուն փոխանցվող մի շարք հիվանդություններից, ինչը մեծ ազդեցություն կունենար գյուղատնտեսության զարգացման բոլոր ճյուղերի վրա:

 Ամփոփիչ տվյալների համաձայն ծրագրով նախատեսված 5 303 040 միջոցառումներից ՊՈԱԿ-ը կատարել է 5 125 562-ը, որը կազմում է 98,3 %:

Կազմակերպության անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի յուրաքանչյուր աշխատակցի կցված են տարածաշրջաններ՝ պատվաստանյութի ստացումից մինչև կենդանու փաստացի պատվաստման շղթան վերահսկելու և մարզային աշխատանքների համակարգումը արդյունավետ դարձնելու համար:

Այդ ընթացակարգով աշխատելու շնորհիվ կազմակերպվել են խմբային պատվաստումներ՝ որոշ տարածաշրջանում բավարար անասնաբույժներ չլինելու պատճառով, ստուգումների արդյունքում վեր են հանվել խնդիրները և օպերատիվ կարգով ստացել լուծումներ, անբարեխիղճ և հակաօրինական խախտումներ թույլ տված անասնաբուժների մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին, դրանց տրվել է իրավական ընթացք:

Արդյունքում բարձրացել է միջոցառումների կատարման քանակը և որակը:

Անասնաբույժների տարիքային շեմն իջեցնելու և տարածաշրջաններում երիտասարդ կադրերով համալրելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿԻ-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ստորագրվել է  եռակողմ համաձայնագիր, որի դրույթների համաձայն անցկացվել են դասընթացներ և քննությունը բարեհաջով հանձնած մասնակիցները ստացել են պատվաստողի որակավորում, կնքել ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր և մասնակցել ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումներին:

Միջոցառումների կատարողականների բարձր արդյունավետությունը տարածաշրջանների բարեխիղճ անասնաբույժների և հակահամաճարակային միջոցառումները կազմակերպող ու հսկող համաճարակաբանների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։

Համարակալում

Համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված բյուջեի՝ 2022 թվականին նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում:

Ծրագրի շրջանակներում Կազմակերպության մասնագետների կողմից ՀՀ բոլոր մարզերում կազմակերպվել են դասընթացներ:

 

Նյութատեխնիկական ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Կարմակ-2» ծրագրի աջակցությամբ Համաշխարհային բանկի և ՀՀ պետական բյուջեի համատեղ ֆինանսավորմամբ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»  ՊՈԱԿ-ին են տրամադրվել նոր սառնարաններ, ավտոմատ ներարկիչներ, թերմոպայուսակներ, արտահագուստներ, երկարաճիտ կոշիկներ, որոնք 2022 թվականին կբաշխվեն անասնաբույժներին՝ նրանց աշխատանքի որակը բարձրացնելու և արդյունավետ դարձնելու համար: 2022 թվականի սկզբին նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել նաև ամենագնացներ և կառուցել սառնարան-սենյակներ՝ պատվաստանյութերի պահման համար:

2022 թվականին նախատեսվում է ՊՈԱԿ-ի բուսասանիտարիայի և ագրոքիմիայի ծառայությունների մատուցումն ամբողջությամբ, իսկ անասնաբույժներինը՝ մասամբ, իրականացնել թվային՝ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգի» միջոցով:

 Հավելենք՝ ՊՈԱԿ-ին ամբողջ տարվա ընթացքում նյութատեխնիկական և խորհրդատվական մեծ աջակցություն են ցուցաբերել ՀԳՌԿՄ (CARMAC) 2-րդ ծրագրի, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), «Ռազմավարական զարգացման գործակալության»,Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերողների համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավարությունն ու աշխատակիցները։

Արխիվ
Պիտակներ