ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն հանրապետության բոլոր մարզերում օգոստոսի 31-ից մեկնարկել են «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության» և «ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրերի ձևերի և հնարավորությունների վերաբերյալ իրազեկման աշխատանքները։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Անասնաբուժության և համարակալման բաժնի կողմից կազմված ժամանակացույցի համաձայն բաժնի համաճարակաբանները այցելություններ կիրականացնեն մարզերի բոլոր բնակավայրեր և ամառային արոտավայրեր։
Իրազեկման աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 20-ին։
Հավելենք՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները և արդյունքում բարձրացնել կենդանիների մթերատվության ցուցանիշները։
Ծրագրի շրջանակում պետությունը կփոխհատուցի «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։