+374 12 595 939
Երկ-Ուրբ:09:00-18:00
Էրեբունի 12, Երևան, ՀՀ
img
26Փետրվար

Հայաստանում 8 անձ ստացավ գյուղատնտեսական կենդանիներ պատվաստողի հավաստագիր

 «Կենդանիների պատվաստող»  (վակցինատոր) մասնագիտության ուսուցման ծրագրի առաջին խմբի 8 մասնակից քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո ստացավ պատվաստողի հավաստագիր: 10 մասնակիցներից 2-ին, սակայն, չի հաջողվել քննությունը հաջողությամբ հանձնել:
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանն ասաց. «Հավաստագիր ստացած անձինք այսուհետ կարող են պայմանագիր կնքել ՊՈԱԿ-ի հետ և ծառայություններ մատուցել համայնքներում»:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, շնորհավորելով դասընթացը հաջողությամբ ավարտած առաջին խմբի մասնակցիներին, նշեց.  «Դուք կարևոր դերակատարություն ունեք, որովհետև ձեր աշխատանքի արդյունքը մենք բոլորս՝ որպես սպառողներ, զգալու ենք: Կան տարբեր հիվանդություններ, համաճարակներ, և դրանց կանխարգելման առումով շատ կարևոր է ունենալ փորձառու մասնագետներ, ովքեր նախատեսված գործառույթները կկարողանան  ժամանակին և բարձր մակարդակով իրականցնել»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն էլ նշեց անասնաբույժների պակասի մասին: «Գյուղկենդանիների պատվաստումները, կանխարգելման աշխատանքները կփորձենք ձեր շնորհիվ ավելի լիարժեք իրականացնել համայնքներում: Այսօր իսկապես անասնաբույժի կարիք կա ամբողջ հանրապետությունում»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ պատվաստողի հավաստագիր ստացածներից որոշները կցանկանան նաև հետագայում շարունակել կրթությունը և անասնաբույժ դառնալ:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրի՝ «Կենդանիների պատվաստող»  (վակցինատոր) մասնագիտության 5-օրյա ուսուցման ծրագիրը մեկնարկել է փետրվարի 15-ից: Դասընթացներն այսօր՝ փետրվարի 26-ին, ավարտել է նաև երկրորդ խումբը, առաջիկայում նրանք ևս կհանձնեն քննություն և հաջող արդյունքի դեպքում կստանան հավաստագիր՝ պատվաստողի որակավորում: Հնգօրյա դասընթացները կսկսի արդեն երրորդ խումբը:

Արխիվ
Պիտակներ